Արտասահմանյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն` Բիլալ Էրդողանին` նշելով նրա կենսագրությունում բազում մութ դրվագները։ Գերմանական Handelsblatt-ի փոխանցմամբ՝ Բիլալ Էրդողանն ԻՊ-ի գրոհայիններից գնել է Իրաքի գրավյալ տարածքներից արդյունահանված նավթն ու վաճառել ասիական պետություններին և Իրաքում ստացել է «ԻՊ-ի նավթի նախարար» մականունը: Պարբերականը հիշեցնում է 2014թ. սկզբին ի հայտ եկած հեռախոսային ձայնագրությունը, որում Բիլալ Էրդողանը խոսում է 10 մլն դոլար ստանալու մասին: Թեև հստակ պարզ չէ, թե այդ գումարն ով պետք է վճարեր նրան, ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է ԻՊ-ից գնված նավթի տեղափոխման համար նավթատար խողովակաշարի կառուցմանը: Handelsblatt-ը տեղեկություններ ունի, որ Բիլալ Էրդողանը 2013-ին զբաղվել է հոր` այն ժամանակ վարչապետի փողերի լվացմամբ: Մեղադրանքն ապացուցող լուսանկարներ, հեռախոսազրույցների ձայնագրություններ և այլ փաստաթղթեր կան։